Խմբին անդամակցելու համար պատանիները կարող են դիմել Slavnazaryan1@gmail.com հասցեով

Thursday, September 5, 2013

Մեր համայնքի պատմությունից


ԱՌԱՓԻ

Մակերես` 15.2կմ2

Բնակչություն` 1751

Գյուղ Գյումրիի հարևանությամբ, մարզկենտրոնից գտնվում է 1-2կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Օջախղուլի, Օջաղուլի անվանումները: Առափի վերանվանվել է 1946 թ-ին:

Գյուղը գտնվում է Ախուրյան գետի աջ ափին, հարթավայրում` ծովի մակարդակից 1500մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ:

Գյուղից հյուսիս կա Կույս Մարիամ անունով սրբավայր, իսկ հյուսիս-արևմուտքում նշմարվում են հին ամրության մնացորդներ:

Գյուղի բնակչության նախնիների մի մասը տեղացիներ են, մյուսները գաղթել են 1828-1830թթ Կարսի մարզից: 1886 թ-ին գյուղն ունեցել է 577, 1914 թ-ին` 989, 1931 թ-ին` 1087, 1959 թ-ին` 1359, 1970 թ-ին` 1589 բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2005 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 1980 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 47%, կանայք` 53%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 32%, աշխատունակներ` 51%, հետաշխատունակներ` 17%: Ունի 406 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:

Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Ախուրյան գետի ջրերով: Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 754հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր` կազմելով համապատասխանաբար 28 և 382 հեկտար: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են պտղաբուծությամբ, հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ: Նախկինում մեծ մակերես են զբաղեցրել շաքարի ճակնդեղի ցանքատարածությունները, հումքը վերամշակվում էր Սպիտակի շաքարի գործարանում: Երկրաշարժի հետևանքով գործարանն ամբողջովին ավերվել է, իսկ ցանքատարածությունները գրեթե ամբողջովին վերացվել են: Զբաղվում են նաև անասնապահությամբ, մեղվաբուծությամբ:

Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:

ՀՀ Շիրակի մարզ, գ. Առափի