Խմբին անդամակցելու համար պատանիները կարող են դիմել Slavnazaryan1@gmail.com հասցեով

Tuesday, April 15, 2014

Ա՜խ իմ Գյումրի, դարեր ունես դեռ ապրելու..............................



Գյումրին գտնվում է Շիրակի բարձրավանդակի կենտրոնական մասում, ծովի մակարդակից 1550 մ բարձրություն ունեցող հարթավայրում: Քաղաքն ունի շուրջ 150 հազար բնակչություն, իսկ տարածքը կազմում է 4429 հեկտար: Շիրակի մարզկենտրոն Գյումրին ունի բազմադարյա պատմություն: Աշխարհագրորեն այն տեղագրվում է Շիրակի սարահարթում՝ Ախուրյան գետի միջին հոսանքի ձախափնյակում, ՀՀ ամենաբարձր գագաթ Արագածից դեպի հյուսիս և ունի խիստ ցամաքային կլիմա: Այստեղով հոսում են Ախուրյանի ավազանին պատկանող չորս ոչ մեծ գետակներ՝ Գյումրիչայը, Ղորղոբան, Չերքեզի ձորի գետակը և Բոշիչայը:



Գյումրու տարածքը բնակեցվել է դեռևս հնագույն ժամանակաշրջաններից: Առ այսօր հայտնաբերված և ուսումնասիրված վաղագույն բնակավայրերը վերաբերում են Ք.ա. 3-րդ հազարամյակի սկզբներին (Մսի կոմբինատ, Բուսաբանական այգի, Ալեքսանդրապոլի ամրոց, Սև բերդ, Վարդբաղ): Ներկայիս Գյումրու տարածքում ստեղծված պետական առաջին կազմավորումը հիշատակվում է Մարմաշենից ոչ հեռու գտնված Ք.ա. 8-րդ դ. ուրարտական մի արձանագրության մեջ՝ Իրդանիունի անվամբ և նույնացվում է «Կումայրի» հնավայրի հետ՝ քաղաքի արևմտյան մասում, Չերքեզի ձոր կոչվող գետակի ձախ ափին:



Բնակավայրն արդեն Կումայրի անվամբ նախ հիշատակվում է 774 թ., ապա 13-րդ դ. (Կումիրի անվամբ), որից հետո մինչ 19-րդ դ. սկիզբը նրա մասին տեղեկություններ այլևս չկան:

19-րդ դ. սկզբին Կումայրի գյուղի փոխարեն հիշատակվում է Գյումրին (դարերի ընթացքում հնչյունական փոփոխությունների ենթարկվելով՝ Կումայրին տվել է Կումրի ձևը, որն էլ աղավաղվելով՝ դարձել է Գումրի, Գյումրի), որն ըստ ժամանակակիցների 19-րդ դ. սկզբին ուներ մի հին եկեղեցի և 50-70 տուն բնակչություն: 1804 թ. հունիսին ռուս գեներալ Ցիցիանովի ջոկատներն առաջին անգամ մարտերով մտան Շիրակ և գրավեցին Գյումրին:
Շուտով այնտեղ տեղակայված կազակային կայազորի զինվորների համար կառուցվում է բնակելի թաղամաս, իսկ կարճ ժամանակ անց բնակավայրի տեղում ստեղծվում է բավականին ամրացված սահմանային կայան: Ռուսների զորային ուժի ներկայության շնորհիվ հուսալի դառնալով՝ Գյումրին սկսում է դեպի իրեն ձգել պատերազմներից ու զրկանքներից այս ու այն կողմ ցրված հայերին:

Բնակավայրի տնտեսական կյանքն աշխուժանալ սկսեց միայն արևմտահայերի վերաբնակեցումից հետո (1829-1830 թթ.): Աստիճանաբար առաջացան նոր թաղամասեր: Դեռ դարասկզբին այստեղ բնակություն հաստատած ռուս զինվորները քաղաքի հարավային մասում կառուցեցին իրենց թաղը՝ «Սլաբոտկան»: Մահմեդականները Գյումրու հարավ-արևելքում (այժմյան ավտոկայանից մինչև հին գերեզմանոց) հիմնեցին «Թուրքի մահլեն»: Դրանից վերև, դեպի հյուսիս, հույները հիմնեցին «Ուռմնոցը» կամ «Հունաց մահլեն», հայ բոշաները՝ «Բոշի մահլեն» (ներկայիս Սայաթ-Նովա փողոցից մինչև նախկին հանրախանութ ընկած տարածքը), իսկ հայ կաթոլիկները՝ «Ֆռանգների մահլեն» (Օրիորդաց գիմնազիայից մինչև զինվորական կոմիսարիատ ընկած տարածքում): «Հունաց մահլից» հյուսիս խղճուկ տներ էին կառուցել աղքատ վերաբնակները, որոնց թաղը կոչվում էր «Հողեպլան»: Հին գյումրեցիներն էլ հիմնականում տեղավորված էին «Ձորի մահլում»:



1836 թ. հաստատվեց Գյումրու առաջին հատակագիծը, ըստ որի քաղաքն ունենալու էր քառանկյունի տեսք՝ երկայնքով և լայնքով իրար հատող փողոցներով: Նույն տարում ավարտվեց բերդի կառուցումը: 1837 թ. Գյումրի այցելած Նիկոլայ 1-ին կայսրը բերդում հիմնեց սուրբ Ալեքսանդրայի անունը կրող ռուսական եկեղեցին և Գյումրին վերանվանեց Ալեքսանդրապոլ: 1843 թ. հաստատվեց քաղաքի զինանշանը:

Ալեքսանդրապոլի հետագա զարգացման գործում մեծ դերակատարություն ունեցավ 1840 թ. նրա՝ նոր ձևավորված գավառի կենտրոն դառնալու հանգամանքը: 1840-1870 թթ. Ալեքսանդրապոլի և համանուն գավառի ղեկավարումն իրականացվում էր գավառապետի կողմից: 1870 թ. այստեղ ստեղծվեց գավառային ոստիկանական վարչություն` վարչա-կառավարական և պատժիչ գործառույթներով: 1892 թ. ցարական կառավարությունը հրատարակեց համապետական քաղաքային կանոնադրություն, որն Ալեքսանդրապոլում կիրառվեց 1896 թ. (սահմանվեցին քաղաքային ինքնավարության ոչ դասային երեք օրգաններ` ընտրական ժողով, դումա և վարչություն):

Քաղաքական և տնտեսական տեսակետից աստիճանաբար զգալի նշանակություն ստանալով` սկսած 1846 թ., Ալեքսանդրապոլն երկրորդական գավառային կենտրոնից աստիճանաբար վերածվեց նահանգային առաջնակարգ գավառակենտրոնի, որն իր տնտեսական նշանակությամբ գերազանցեց նույնիսկ նահանգի կենտրոն Երևանին:



Սկսած 19-րդ դարակեսից այն բարեկարգ քաղաք էր՝ ուղիղ, լայն և գիշերը լուսավորվող փողոցներով, իսկ քաղաքի ամբողջ բնակչությունը քիչ թե շատ խոսում էր ռուսերեն: Դրան զուգահեռ 1830-ականների կեսերից սկսած Ալեքսանդրապոլը նաև ամենահայեցի քաղաքն էր ամբողջ Անդրկովկասում, իսկ դարավերջին՝ ամենամարդաշատը Երևանի նահանգում (1886թ. Անդրկովկասում անցկացված աշխարհագրի տվյալներով՝ քաղաքն ուներ 24230 բնակիչ, որի 95.5%-ը հայեր էին):

Ալեքսանդրապոլի հետագա բարգավաճումը շարունակվեց մինչև 20-րդ դարասկիզբ:

1914 թ. օգոստոսի 1-ին բռնկվեց Առաջին համաշխարհային պատերազմը, որի ընթացքում քաղաքն ապաստան դարձավ տասնյակ հազարավոր եղեռնապուրծ հայերի համար: 1915-1918թթ. ընթացքում Ալեքսանդրապոլն ընդունեց ու ճանապարհեց ավելի քան 95000 արևմտահայ գաղթականների, բացվեցին ութ որբանոցներ:

1918 թ. ապրիլից, ռազմաքաղաքական անբարենպաստ իրադրության պատճառով ռազմական գործողություններն աշխարհամարտի Կովկասյան ռազմաճակատում տեղափոխվեցին Արևելյան Հայաստանի տարածք: Մայիսի 15-ին Ալեքսանդրապոլը թուրքերի կողմից գրավվեց և ավելի քան վեց ամիս մնաց թուրքական զինակալման պայմաններում: Երկու տարի անց պատմությունը կրկնվեց: 1920թ. սեպտեմբերի վերջին սկսված թուրք-հայկական պատերազմի արդյունքում Ալեքսանդրապոլը երկրորդ անգամ` նորից վեցամսյա ժամկետով, հայտնվեց թուրքերի ձեռքում: Թուրքական զինակալումներն աղետալի հետևանքներ ունեցան քաղաքի համար: Ըստ ՀՀ Արտաքին գործոց նախարարության տվյալների՝ միայն 1918 թ. Ալեքսանդրապոլ քաղաքից և համանուն գավառից փախածների ընդհանուր թիվը կազմեց 45000: Թուրքերն Ալեքսանդրապոլից հեռացան 1921թ. ապրիլի 22-ին, երբ քաղաքը վերածվել էր հսկա ավերակակույտի:





Քաղաքի նոր վերածնունդը կապվեց խորհրդային իշխանության հաստատման հետ: 1924 թ. Հայկոմկուսի Կենտկոմի միջնորդությամբ ԽՍՀՄ Կենտգործկոմն Ալեքսանդրապոլը վերանվանեց Լենինական: Սկսվեց քաղաքի պատմության նոր շրջափուլ: Առաջին քայլերը քաղաքային տնտեսության բարելավման ոլորտում կատարվեցին 1920-1930 թթ.: Երկաթուղային հարուստ ավանդույթներ ունեցող քաղաքում 1953 թ. հիմնադրվեց էլեկտրաքարշային, իսկ 1965-ին՝ լոկոմոտիվային դեպոն: Կարճ ժամանակահատվածում Լենինականը վերածվեց թեթև արդյունաբերության կենտրոնի: 1924 թ. այստեղ հիմնադրվեց Տեքստիլ կոմբինատը, 1942-ին՝ ներկման ֆաբրիկան, իսկ 1975-ին կազմավորվեց Մայիսյան ապստամբության անվան բամբակագործվածքային արտադրական միավորումը: Դրան զուգահեռ 1962 թ. հիմնադրվեց «Լենկոշ» միավորումը:

Զարգացավ նաև սննդարդյունաբերության ոլորտը. 1935-ին ստեղծվեց Մսի պահածոների կոմբինատը:





Խորհրդային իշխանությունների հետևողական քաղաքականության շնորհիվ Լենինականում զարկ տրվեց նաև ծանր և մեքենաշինական արդյունաբերությանը: 1950-60 թթ. հիմնադրվեցին «Ստրոմմաշինա», Հղկող հաստոցների, էլեկտրամեքենաշինական, «Հայէլեկտրակոնդենսատոր», Հեծանիվի, «Հայէլեկտրակենցաղսարք», «Գալվանոմետր», Վերլուծական սարքերի և Սառնարանային կոմպրեսորների գործարանները:

Զգալի աշխատանքներ կատարվեցին կապի ու տրանսպորտային հաղորդակցության զարգացման ոլորտում: 1931 թ. քաղաքում հիմնադրվեց օդանավակայանը, իսկ 1960-ականներին շարք մտավ տրոլեյբուսային գծուղին:

Ընդհանուր առմամբ խորհրդային տարիներին Լենինականում կառուցվեց 13 մեքենաշինական ձեռնարկություն: Քաղաքի արդյունաբերական հիմնարկությունների թիվը հասավ 54-ի, որոնցում 1988 թ. հունվարի 1-ի տվյալներով աշխատում էր ավելի քան 48000 բանվոր-ծառայող: 1984 թ. քաղաքը պարգևատրվեց «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով:





Լենինականի վերանվանումը Գյումրու կապված է այնքան սպասված անկախության հետ, որը քաղաքը դիմավորեց բարդագույն տնտեսական պայմաններում` իր վրա կրելով 1988 թ. աղետալի երկրաշարժի և Արցախյան ազատամարտի բոլոր դժվարությունները (քաղաքային խորհրդի որոշմամբ անվանափոխության հանրաքվեն միավորվեց Անկախության հանրաքվեին՝ 1991 թ. սեպտեմբերի 21-ին): Իր բնակֆոնդի ավելի քան 60 %-ը կորցրած քաղաքը 1992 թ. դեկտեմբերից հայտնվեց ծայրահեղ ծանր պայմաններում. դադարեցվեցին գազամատակարարումը, էներգամատակարարումը, քաղաքը զրկվեց կենսապահովման միջոցներից: Վառելանյութի բացակայության պատճառով կանգ առավ հասարակական տրանսպորտը: Այդուհանդերձ գյումրեցին իր ամենաակտիվ մասնակցությունը բերեց Արցախյան գոյամարտին և ՀՀ սահմանների պաշտպանությանը. կազմակերպվեցին երկրապահ կամավորականների ջոկատներ Միքայել Վարդանյանի, Միշա Սահակյանի, Վարդան Մայիլյանի, Աշոտ Զաքարյանի և այլոց հրամանատարությամբ:





Քաղաքի վերականգնման գործում առաջին դրական տեղաշարժերը կատարվեցին 1999-2002 թթ., երբ կառավարությունն ընդունեց «Աղետի գոտու վերականգնման և զարգացման հայեցակարգը», ապա գործողության մեջ մտավ «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը»: Այդ շրջանում Գյումրիում գործունեություն ծավալեցին «Լինսի», Հանթսմանի և «Կարմիր խաչի» ծրագրերը: Ջոն Հանթսմանի նախաձեռնությամբ ստեղծվեց միկրոթաղամաս Գ. Նժդեհ փողոցում: «Լինսի» և «Կարմիր խաչի» միջոցներով քաղաքում կառուցվեցին և վերակառուցվեցին մոտ երկու տասնյակ բազմաբնակարան շենքեր, ասֆալտապատվեցին գլխավոր փողոցները, հիմնովին վերանորոգվեցին Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը, Ասլամազյան քույրերի պատկերասրահը և հասարակական այլ օբյեկտներ: Նույն ժամանակահատվածում էական աշխատանքներ կատարվեցին նաև դպրոցաշինության, առողջապահական և մարզական նշանակության շինությունների վերականգնման ասպարեզում: Իսկ արդեն 2008 թ. կեսերից ուժի մեջ մտավ «Աղետի գոտու բնակարանաշինության» հույժ կարևոր ծրագիրը, որի շնորհիվ շուրջ 3000 ընտանիք անօթևան գյումրեցիներ ապահովվեցին բնակարաններով: Այսօր Գյումրին արդեն նկատելի արդյունաբերական և բանկային ներուժի քաղաք է, ուր գործում են 12 բանկային մասնաճյուղեր, 20-ից ավելի խոշոր ընկերություններ, 500-ից ավելի տնտեսվարող սուբյեկտներ:

http://gyumri.am/