Խմբին անդամակցելու համար պատանիները կարող են դիմել Slavnazaryan1@gmail.com հասցեով

Saturday, October 12, 2013

Հացի փառատոն՝ Գյումրիում

«Գյումրին ԱՊՀ 2013 թ. մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում, ՀՀ մշակույթի նախարարությունը, Գյումրու քաղաքապետարանը և Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը՝ ս. թ. հոկտեմբերի 13-ին կկազմակերպեն «Հացի» ու «Ազգային խոհանոցի» /Արևելյան և Արևմտյան Հայաստանների տարբեր շրջանների/ փառատոներ և ավանդական կենցաղի ցուցահանդես Գյումրիում և Շիրակի մարզի այլ համայնքներում: Փառատոները տեղի կունենան ժամը 13:00-ին, Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում՝ Ձիթողցյանների տանը /հասցե՝ Գյումրի, Հաղթանակի 47/: Փառատոնի նպատակն է ազգային ավանդույթների վերականգնումը, ժողովրդական մշակույթը, ազգային ծեսերն ու տոներն ավելի կազմակերպված դարձնելը: Այդ օրը Շիրակի մարզի գրեթե բոլոր գյուղերում կվառվեն թոնիրներ և կմեկնարկի հացի արարման ծեսը:

Յուրաքանչյուր գյուղական համայնք կունենա տոնակատարության պատասխանատու` գյուղապետ կամ համայնքապետ: Հացատոնը Գյումրիում կսկսվի Անդաստանի կարգով. կօրհնվեն աշխարհի չորս կողմերը, որպեսզի փառաբանվի հատիկից մինչև հաց արարումը: Կարճ, ամփոփ հաղորդումներ կլինեն հացի ստեղծման պատմության, հացարարման մասին ինչպես հայերի, այնպես էլ ԱՊՀ ժողովուրդների սովորութամշակութային կենցաղում: Տոնի գագաթնակետը կլինի թոնրի հիմնարկեքը: Օրը հագեցած կլինի անակնկալներով, որոնք կբացահայտվեն տոնակատարության ընթացքում: Գեղարվեստական ցուցադրումներով, հացարարման իրենց մշակույթով կմասնակցեն բազմաթիվ արվեստագետներ, անհատ ստեղծագործողներ, կցուցադրվեն նաև նկարչուհի Լուսիկ Ագուլեցու Հացի թանգարանի նմուշներից: Կհնչեն հացի ու հողի, գութանի փառաբանման երգեր, հորովելներ: Ժողովրդին կբաժանվի լավաշի մատաղ: Միջոցառման ընթացքում կներկայացվեն հացի հետ կապված հավատալիքներն ու պաշտամունքային ձևերը, որոնք տոնը կդարձնեն զանգվածային: Տոնը կավարտվի Խնդումի ծեսով:

տեղեկացրեց՝ Գյումրու քաղաքապետարանը

Monday, October 7, 2013

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ, ԽՈՆԱՐՀՎՈՒՄ ԵՆՔ ՁԵՐ ԱՌՋԵՎ

                                                  ՈՒսուցչի տոնը Գյումրիում




Հոկտեմբերի 5-ին` ժամը 5-ին, Գյումրու <<Հոկտեմբեր>> կինոթատրոնում տեղի ունեցավ ուսուցչի օրվան նվիրված տոնախմբություն, որին հրավիրված էին  պատվավոր հյուրեր և ուսուցիչներ՝ Շիրակի մարզի տարբեր դպրոցներից: Հրավերքը կազմակերպել էին ՀՀ Շիրակի մարզպետարանի կրթության,մշակույթի և սպորտի վարչությունը՝ հարգարժան պարոն Սահակ Մինասյանի ղեկավարությամբ:
 Կինոթատրոնի ճեմասրահում ներկայացված էր Սուսաննա Մկրտչյանի  զարմանահրաշ ցուցահանդեսը, որի ստեղծագործությունները պատրաստված էին թղթից:
Ներկաները ունկնդրեցին դասական երաժշտություն,վայելեցին աշխարահռչակ տենոր Վաննո Թադեոի կենդանի ելույթը:

Շիրակի մարզի կրթության վարչության պետ պարոն Ս. Մինասյանը անձամբ շնորհավորեց բոլոր մանկավարժներին և վեց լավագույն մանկավարժների Շիրակի մարզի տարբեր դպրոցներից  պարգևատրեց պատվոգրերով և ծաղկեփնջերով:

Այնուհետև կինոդահլիճում կայացավ <<Կինոաշուն>> ազգային կինոյի ամիս փառատոնի բացման արարողությունը, ինչին հետևեց <<Մեր մանկության տանգոն>> ֆիլմի դիտումը:
ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ, ԽՈՆԱՐՀՎՈՒՄ ԵՄ ՁԵՐ ԱՌՋԵՎ
Ի՞նչ կմնար մարդկությունից, տե՜ր աստված, 
Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ:
 
Ահա ինչու` ամբողջ հոգով և սրտանց-
 
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
Ամեն մարդ էլ... ունի սիրած ուսուցիչ, 
Հանճարն անգամ... Ուսուցիչ է ունեցել:
 
Դուք`անանո՜ւն, ձեր սաները` անվանի:-
 
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
Ախ, շա՜տ հաճախ տառապել եք անաղմուկ, 
Լույս եք ցանել, բայց հալածվել ու խաչվել:
 
Տիրողները` շքեղաշո՜ւք, դուք` անշո՜ւք...
 
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
Շատ դժվար էր` խավար դարում ձեզ համար: 
Այս լույս դարում, օ՜, դժվա՛ր է առավել-
 
Երեխաներն ամե՛ն ինչ էլ գիտեն լավ...
 
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
Թեկուզ կյանքում ապտակել եք նաև ինձ, 
Թեկուզ նաև երկուսներ եմ ստացել,
 
Այնուհանդերձ, այնուհանդերձ, էն գլխից-
 
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
Հողագունդը գլոբո՜ւս է հմայիչ, 
Բայց ուզում են այն կործանել ու ջարդել:
 
Հողագնդին հարկավոր է ուսուցիչ...
 
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև: