Խմբին անդամակցելու համար պատանիները կարող են դիմել Slavnazaryan1@gmail.com հասցեով

Tuesday, April 29, 2014

Պարի միջազգային օրը` ապրիլի 29-նն է


Ապրիլի 29-ը պարի միջազգային օրն է: (Քչերը կարող է իմանան սրա մասին): Պարի միջազգային օրը նշվում է 1982 թվականից ի պատիվ ֆրանսիացի բալետմաստեր` Ժ.Ժ.Նովերրեի(1727-1810) ծննդյան օրվան: Նրան հաճախ անվանում են ժամանակակից բալետի հայր:


Պարը ` լեզու է, որը չունի թարգմանության կարիք մարդիկ կարող են խոսել, ապրել, սնվել և ոգեշնչվել պարով քանի որ դա մարմնի և հոգու ներդաշնակությունն է ապահովում:

Պարի միջազգային օրը Հայաստանում նշվում է 2007 թվականից և սա առաջին տարին է, որ այս տոնը նշվում է պետական մակարդակով: ԵՎ դրան ընդառաջ մշակույթի նախարարությունը որոշել է մայիսի 1-ից 4-ը վերապատրաստել դպրոցների պարուսույց մասնագետներին:

Իսկ դուք գիտեք, որ պարը նաև բուժիչ հատկություններ ունի........

Ամեն տարի այս տոնն ունենում է ինչ-որ խորհուրդ եւ նվիրվում է ինչ-որ բանի, օրինակ` նախորդ տարի այն նվիրված էր մոդեռն պարի մասնագետներին, 2010թ` աշխարհի բոլոր մանուկներին, իսկ այս տարի այն նվիրված է պարի թերապիային, որպեսզի պարի միջոցով բուժեն մարդկանց, այսինքն` պարը պետք է ծառայի մարդկանց բուժելուն, տրամադրությունը բարձրացնելուն, նրանց հոգեկան խնդիրները լուծելուն: Այս տարի կկարեւորվի պարի հետազոտությունները` նրա բուժիչ հատկությունները հայտնաբերելու առումով, կհայտնաբերվեն այն հիվանդությունները, որոնք կարող են բուժվել պարի միջոցով:

Շիրակի երիտասարդ լրագրողների թիմը շնորհավորում է` ԵԼԱԿ-ի անդամ բոլոր երիտասարդներին, և բոլոր նրանց ովքեր կարող են պարել կամ փորձում են պարել:


                                          
                                              Good Look!

Tuesday, April 15, 2014

ՖԱՅՏՈՆ ԱԼԵՔԸ

ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ
1958 Երևան-Լենինական(«Սովետական Գրող» Հրատարակչություն, Երևան, 1982) (աղբյուր Տիգրան Պետրոսյան)



Գյումրի քաղաքում շատ կառապան կար.
Այնտեղ էր ապրում Բաբիենց Հայկը,
Այդ տղամարդն էր Ալեքպոլ բերել
Առաջին փոքրիկ երկանիվ կառքը:
Այնտեղ էր ծնվել Ծուռվզենց Արշոն,
Աչքերով խաժակ, ձիերով նախշուն,
Ո՞վ տեսած չկա Կնութ Վարդանին,
Որ կանգնած էր միշտ իր կառքը քշում:
Հապա Կռո՞ւնկը։ Մի՞թե չի անցել
Այդ ժիր գյումրեցին մի օր ձեր թաղով.
Այնտեղ էր ապրում հայտնի կառապան,
Հեքիաթի փոխված Ալեքն իր կառքով։
Ֆայտոն Ալե՜քը…Նա Շիրակի մեջ
Այդ անունով էր ծանոթ ամենքին։
Տունը կանգնած էր Սև ժամից վերև,
Ձորի-բողազի կանաչ բարձունքին:
Քարե տնակ էր փոքրիկ բոստանով,
Կատուն նստում էր հաճախ տանիքին,
Պատին թախծում էր «Մայր Հայաստանը»
Հայացքը հառած քաջ Անդրանիկին:
Ամեն առավոտ հերոսի պատվին
Նա կուլ էր տալիս մի գավաթ օղի.
— Կենացդ, ազի՛զ… Եվ մտրակն առած,
Շապխան ծածկելով գնում էր գործի:
Հին կառապան էր Ֆայտոն Ալեքը,
Նախշ-գոտին կապած, հագած ձեռնոցը,
Ոտքին փայլում էր ֆանար-սապոգը,
Կրծքին՝ «Սարգիսով» մեծ ժամացույցը:
Երկու ձի ուներ զանգուլակներով,
Անիվներ կարմիր-կապույտ ճաղերով.
Որ չէ՜ր սլանում Ալեքի կառքը`
Կարծես տեսիլք էր անցնում թաղերով:
Ի՞նչ եք զարմացած նայում երեսիս,
Ուզո՞ւմ եք ասեմ վերջին նշանը.
Ձիերից մեկի ճակատին խալ կար,
Որ հիշեցնում էր սարի շուշանը:
Իսկապես շիկ էր Ալեքի կառքը,
Այդ պատճառով էլ շախով գյումրեցիք
Սիրում էին նրա ֆայտոնով գնալ
Ժամ, նշանդրեք, կնունք, հարսանիք:
Արևածագից ոտքի վրա էր,
Վերջ չկար նրա ուղևորներին,
Մեկ-մեկ քշում էր աչքերը փակած,
Այնքան հմուտ էր ճանապարհներին: —
Գյումրի՜ն, հին Գյումրին, ծանո՜թ, հարազատ,
Փողոցները լուռ, դաշտերը դուրան,
Ալեքը թեթև քաշում է սանձը
Եվ սլանում է դեպի Ախուրյան:

Ա՜խ իմ Գյումրի, դարեր ունես դեռ ապրելու..............................



Գյումրին գտնվում է Շիրակի բարձրավանդակի կենտրոնական մասում, ծովի մակարդակից 1550 մ բարձրություն ունեցող հարթավայրում: Քաղաքն ունի շուրջ 150 հազար բնակչություն, իսկ տարածքը կազմում է 4429 հեկտար: Շիրակի մարզկենտրոն Գյումրին ունի բազմադարյա պատմություն: Աշխարհագրորեն այն տեղագրվում է Շիրակի սարահարթում՝ Ախուրյան գետի միջին հոսանքի ձախափնյակում, ՀՀ ամենաբարձր գագաթ Արագածից դեպի հյուսիս և ունի խիստ ցամաքային կլիմա: Այստեղով հոսում են Ախուրյանի ավազանին պատկանող չորս ոչ մեծ գետակներ՝ Գյումրիչայը, Ղորղոբան, Չերքեզի ձորի գետակը և Բոշիչայը:



Գյումրու տարածքը բնակեցվել է դեռևս հնագույն ժամանակաշրջաններից: Առ այսօր հայտնաբերված և ուսումնասիրված վաղագույն բնակավայրերը վերաբերում են Ք.ա. 3-րդ հազարամյակի սկզբներին (Մսի կոմբինատ, Բուսաբանական այգի, Ալեքսանդրապոլի ամրոց, Սև բերդ, Վարդբաղ): Ներկայիս Գյումրու տարածքում ստեղծված պետական առաջին կազմավորումը հիշատակվում է Մարմաշենից ոչ հեռու գտնված Ք.ա. 8-րդ դ. ուրարտական մի արձանագրության մեջ՝ Իրդանիունի անվամբ և նույնացվում է «Կումայրի» հնավայրի հետ՝ քաղաքի արևմտյան մասում, Չերքեզի ձոր կոչվող գետակի ձախ ափին:



Բնակավայրն արդեն Կումայրի անվամբ նախ հիշատակվում է 774 թ., ապա 13-րդ դ. (Կումիրի անվամբ), որից հետո մինչ 19-րդ դ. սկիզբը նրա մասին տեղեկություններ այլևս չկան:

19-րդ դ. սկզբին Կումայրի գյուղի փոխարեն հիշատակվում է Գյումրին (դարերի ընթացքում հնչյունական փոփոխությունների ենթարկվելով՝ Կումայրին տվել է Կումրի ձևը, որն էլ աղավաղվելով՝ դարձել է Գումրի, Գյումրի), որն ըստ ժամանակակիցների 19-րդ դ. սկզբին ուներ մի հին եկեղեցի և 50-70 տուն բնակչություն: 1804 թ. հունիսին ռուս գեներալ Ցիցիանովի ջոկատներն առաջին անգամ մարտերով մտան Շիրակ և գրավեցին Գյումրին:

Wednesday, April 2, 2014

Քեսաբահայերին ոչ մի վտանգ չի սպառնում

Օրերս ռուսաստանյան LifeNews լրատվամիջոցի տարածած տեսանյութը, որում տղամարդիկ են գնդակահարվում, ոչ մի կապ չունի Քեսաբի հայերի հետ, ինչպես պնդել էր նշված լրատվամիջոցը: Սրան անդրադարձել է «Ռոսսիյա 24»-ը՝ վկայակոչելով Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանի հայտարարությունը:


Թուրքիան, նախ շրջանցելով միջազգային իրավունքի նորմերը, գնդակոծել է Սիրիայի տարածքը, ապա ճանապարհ է բացել ծայրահեղականների համար, որոնք մարտնչում են Սիրիայի կառավարական ուժերի դեմ:

Քեսաբը հիմնականում հայաբնակ ավան է Սիրիայում՝ Թուրքիայի հետ սահմանին, որտեղ ողբերգությունից անմիջապես հետո մեկնել էին ՀՀ մի խումբ խորհրդարանականներ: Պատգամավորները Լաթաքիայում, ուր տարհանվել էին քեսաբահայերը, հանդիպել են մեր հայրենակիցներին, գնահատել հումանիտար դրությունը, փորձել հասկանալ՝ ինչով կարելի է օգնել նրանց:
Այս առիթով իր հարցազրույցում ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ասել է. «Մեր առաջնային նպատակն է ցույց տալ մեր հայրենակիցներին, որ մենք իրենց կողքին ենք»: Նա ընդգծել է, որ քեսաբահայի ցավը յուրաքանչյուր հայինն է, անկախ նրանից, թե որտեղ է բնակվում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, թե այլուր: Քեսաբում կատարվողն անընդունելի է, և այդ հարցով իր խոսքը պետք է ասի նաև միջազգային հանրությունը:


Այժմ ծայրահեղականների դեմ մարտեր են մղում կառավարական ուժերը: Նրանք առաջ են ընթանում դանդաղորեն, այդ կերպ փորձում են հնարավորինս քիչ վնաս հասցնել քաղաքին, որն արդեն իսկ աղետալի չափերի է հասել:

Նյութի աղբյուրը՝ tsayg.am