Ախուրյանը Հայաստանի գետերից է, որը սկիզբ է առնում Աշոցքիի սարահաթի Արփի լճից։ Ջրառատությամբ այն հանրապետության երրորդ գետն է միջին ծախսը 26,9խմ/վ (տարեկան 900 մլն խոր մ)։ Վերին հոսանքում այն անցնում է ճահճապատ ափերով, այնուհետ ընդունում է մի քանի մանր վտակներ, ապա որպես ջրառատ գետ մտնում է Շիրակի դաշտ։ Այստեղ Ախուրյանին միանում են Արագածի լանջերից սկիզբ առնող մի քանի գետակներ, որոնցից ամենամեծը Մանթաշն է։ Աղին կայարանից մի փոքր հյուսիս, Կարսագետն ընդունելուց հետո, Ախուրյանը կտրում է Արագածի արևմտյան փեշերը և, խորացնելով իր հունը, քարքարոտ ափերի մեջ շարունակում է հոսել մինչև Արաքսի հետ միանալը։ Ախուրյանն ունի 205 կիլոմետր երկարություն։ Գետի ձախ ափին է Գյումրին, իսկ աջ ափին` Հայաստանի վաղեմի մայրաքաղաք Անին (ամբողջովին ավերված)։ Ախուրյանի ջրերն օգտագործելու համար դեռ 1922 թվականից սկսվել է Շիրակի ջրանցքի շինարարությունը, որը ղեկավարում էր անվանի ինժեներ Հ. Ա. Տեր-Աստվածատյանը։ Ջրանցքը շահագործման հանձնվել 1925 թվականին։ Նրա գործարկումը զգալիորեն հեշտացրել է հողամասերի ոռոգումը։ Ջրանցքի բացմանը ներկա է եղել նաև նորվեգացի ականավոր գիտնական և աշխարհահռչակ բևեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենը։
Young Journalists Online Center from region Shirak
Thursday, September 5, 2013
Մեր համայնքի պատմությունից
ԱՌԱՓԻ
Մակերես` 15.2կմ2
Բնակչություն` 1751
Գյուղ Գյումրիի հարևանությամբ, մարզկենտրոնից գտնվում է 1-2կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Օջախղուլի, Օջաղուլի անվանումները: Առափի վերանվանվել է 1946 թ-ին:
Գյուղը գտնվում է Ախուրյան գետի աջ ափին, հարթավայրում` ծովի մակարդակից 1500մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ:
Գյուղից հյուսիս կա Կույս Մարիամ անունով սրբավայր, իսկ հյուսիս-արևմուտքում նշմարվում են հին ամրության մնացորդներ:
Գյուղի բնակչության նախնիների մի մասը տեղացիներ են, մյուսները գաղթել են 1828-1830թթ Կարսի մարզից: 1886 թ-ին գյուղն ունեցել է 577, 1914 թ-ին` 989, 1931 թ-ին` 1087, 1959 թ-ին` 1359, 1970 թ-ին` 1589 բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2005 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 1980 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 47%, կանայք` 53%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 32%, աշխատունակներ` 51%, հետաշխատունակներ` 17%: Ունի 406 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Ախուրյան գետի ջրերով: Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 754հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր` կազմելով համապատասխանաբար 28 և 382 հեկտար: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են պտղաբուծությամբ, հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ: Նախկինում մեծ մակերես են զբաղեցրել շաքարի ճակնդեղի ցանքատարածությունները, հումքը վերամշակվում էր Սպիտակի շաքարի գործարանում: Երկրաշարժի հետևանքով գործարանն ամբողջովին ավերվել է, իսկ ցանքատարածությունները գրեթե ամբողջովին վերացվել են: Զբաղվում են նաև անասնապահությամբ, մեղվաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:
ՀՀ Շիրակի մարզ, գ. Առափի
Subscribe to:
Posts (Atom)